ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում
22.05.2015 | 14:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը


Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը: Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:
Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:
Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:
Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը:
Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` ՈՒկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: ՈՒկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՜ երկրի հետագայի համար, թե՜ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում: Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:
Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: ՈՒստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:
Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ԵԺԿ-ի և անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման և համամարդկային արժեքներին հավատարի լինելու մասին: Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ապրիլի 24-ին Երևան այցելելու իմ հրավերն ընդունելու և «այլևս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար:
Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երևանում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը: Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար: Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ